Սիրով ներկայացնում ենք ժամանակակից արձակ ստեղծագործող իրանահայ հեղինակ Կոլյա Տեր-Հովհաննիսյանի կողմից գրադարանին նվիրատվությամբ ուղարկված <<Պղպջակ>> և <<Արևի հետ>> ժողովածուները:
Հեղինակը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում 1954թ.: Հայտնի է իր բանաստեղծություններով, թարգմանություններով և արձակ ստեղծագործություններով: 2007 թ-ին հիմնել է <<Գրական կամուրջ>>` http://lit-bridge.com/ կայքը, որտեղ տպագրվում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից և սփյուռքից: Իր ստեղծագործություններում գրողը ներկայացնում է սփյուրքահայի կյանքն իր բոլոր դրսևորումներով : Առանձնահատուկ հետաքրքրությամբ են կարդացվում <<Ինեսսա>>, <<Զարթի'ր, լաո>>, <<Արևի հետ>> վիպակները, որոնց կերպարներների միջոցով հեղինակը բարձրաձայնում է ազգային ինքնության պահպանման, հայի արմատներին հավատարիմ մնալու գաղափարները: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կոլյա Տեր-Հովհաննիսյանին իր << Արևի հետ>> և <<Պղպջակ>> գրքերը մեր գրադարանին նվիրելու համար:
<< Արևի հետ>> գիրքը լույս է տեսել 2018 թվականին, ներկայացված են հեղինակի վիպակներն ու պատմվածքները, որոնց մեջ արտացոլված են օտար հողում ապրող հայի կյանքն իր լուսավոր ու ստվերոտ կողմերով, գոյատևման չդադարող պայքարով, հոգեկան ապրումներով , հայրենիքից դուրս հաջողված ու չհաջողված կապերով, բախումներով, դրանցից բխող հետևանքներով, դրսում աշխարհ եկող նոր սերնդի ազգային ինքնության ու անհատականության երկվությամբ. սերունդ, որ ո'չ <<ներս>> է, ո'չ <<դուրս>>, դեգերում է արևի հետ...
<<Պղպջակ>> ժողովածուն լույս է տեսել 2009 թվականին: Այն ընդգրուկում է Կոլյա Տեր-Հովահաննիսյանի պատմվածքները, որոնք մինչ այդ տպագրվել են մամուլում: Ըստ իրենց ներքին տարաբաժանման` <<Արթնություն>> և <<Կարոտ>> բաժիներն ընդգրկում են օտարության մեջ ապրող հայի հասարակական և հոգեբանական թնջուկները /1-ին մաս/ և Հայաստանի անկախացումից հետո իրանահայերի` դեպի հայրենիք հոսքը, դրանից ծնված հույսերն ու ուրախությունները , ինչպես նաև իրականությունը այլ լույսի տակ տեսնելու անկարողությունից ծնված հիասթափությունները /2-րդ մաս/:
Մեկնաբանություն